Արդեն հինգ պատգամավոր լքեց ԲՀԿ խմբակցությունը. նոր դիմումներ

Armenpress 18:17, 17 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւս երկու պատգամավորներ լքեցին քաղաքական ուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ: ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է, որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր:

Փետրվարի 17-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը ևս մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Որոշ տեղեկությունների համաձայն` մանդատը վայր դնելու պատճառը ԲՀԿ կազմից դուրս գալն է: 

Փետրվարի 16-ին սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը` չնայած ԱԺ նախագահի աշխատակազմ նրա դուրս գալու մասին դիմում չի ներկայացվել ու կանոնակարգը պահանջում է, որ նա դիմումը ներկայացնի ոչ թե ԱԺ նախագահին, այլ խմբակցություն: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին նույն օրը հայտարարել էր Արագած Ախոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am