Խորեն Հովհաննիսյանի համար կյանքի 60 տարիները մեծ փորձ են ու նորի սկիզբ. բացառիկ հարցազրույց

Armenpress 10:16, 11 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդներից, ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը` Խորեն Հովհաննիսյանը, բոլորեց 60 տարին: Լավագույնների շարքում մնալու համար տաղանդը բավարար չէ, հարկավոր է լինել նաև աշխատասեր, իսկ աշխատասիրությունը, տաղանդի հետ, մարդուն դասում է իր ասպարեզի լավագույնների շարքը: Խորեն Հովհաննիսյանը հենց այդ լավագույն ֆուտբոլիստներից է: «Արմենպրես»-ը լեգենդար ֆուտբոլիստի հետ զրույցում խոսեց «Արարատ»-ի, անցած 60 տարիների և մարտին նախատեսված մեծարման հանդիսավոր արարողության մասին:   

-Պարոն Հովհաննիսյան, Դուք առաջին անգամ եկաք Երևանի «Արարատ», երբ դեռևս 17 տարեկան էիք: Ինչպե՞ս ստացվեց:

-Ես խաղում էի ԽՍՀՄ պատանեկան հավաքականում, իսկ մարզիչը Եվգենի Լյադինն էր: Երբ նա իմացավ, որ ես «Արարատ»-ի ֆուտբոլիստ չեմ, մի նամակ տվեց ինձ` ասելով, որ անպայման տանեմ սպորտկոմիտե և հանձնեմ կոմիտեի նախագահին: Նա ասաց նաև, որ եթե ինձ «Արարատ» չվերցնեն, ապա անպայման վերադառնամ Մոսկվա: Այդ ժամանակ Նիկիտա Սիմոնյանը նոր էր ընդունել «Արարատ»-ը և ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը: Ինձ լավ ընդունեցին և ընդամենը երկու րոպե հետս խոսելուց հետո վերցրին թիմ: Այդ ժամանակ «Արարատ»-ը հավաքի էր մեկնում, և երկու օր անց արդեն թիմի հետ էի: Եվ այդպես` մինչև 1985 թվականը:

-1975 թվականին «Արարատ»-ը երկրորդ անգամ դարձավ ԽՍՀՄ գավաթակիր, սակայն, բացի այդ հաջողությունից, երկրպագուները լավ հիշում են «Արարատ»-«Բավարիա» հանդիպումը: Ինչպե՞ս եք դուք հիշում այդ հանդիպումը:

-Ինչպե՞ս կարելի է չհիշել «Բավարիա»-ի հետ հանդիպումը: Դա իմ առաջին պաշտոնական հանդիպումն էր Չեմպիոնների գավաթի շրջանակում: Քառորդ եզրափակիչում մենք հանդիպեցինք գերմանական «Բավարիա»-ի հետ, և հենց այդ տարի «Բավարիա»-ն դարձավ գավաթակիր: Մենք հաղթեցինք 1-0 հաշվով, սակայն հետագայում պարտվեցինք հյուրընկալվելիս: Այստեղ կարծես տան պատերը օգնեցին, օգնեց նաև ժողովուրդը, օդը, ամեն-ամեն ինչը:

-Դուք հայկական ֆուտբոլի այն բացառիկ ֆուտբոլիստն եք, ով գոլ է խփել Արգենտինայի հավաքականի դարպասին:

-Իսկապես հետաքրքրիր պահեր էին, առավել ևս, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի չեմպիոն էր: Նրանց կազմում այնպիսի աստղեր էին խաղում, ինչպիսին Մարադոնան էր: Մեզ հաջողվեց իրենց դաշտում 1-1 խաղալ: Երկու հանդիումներն էլ ավարտվեցին 1-1 հաշվով:

-Ձեր ժամանակներում ֆուտբոլիստները հայտնի էին դառնում տաղանդի շնորհիվ, հիմա ամեն ինչ փոխվել է: Ֆուտբոլիստները աստղաբաշխական հոնորարներ են ստանում գովազդներից և այլ միջոցներով, մի՞թե դա է իսկական ֆուտբոլը:

-Ցավով եմ ասում, բայց այժմ ֆուտբոլը հիմնականում հենց այդպիսին է` գովազդ և այլն: Բայց բոլորը, ժողովուրդը տեսնում և ճիշտը գնահատում են:

-Այժմ եկել եք Հայաստան, բայց մինչ այդ մարզում էիք Ուզբեկստանի «Լոկոմոտիվ»-ը: Այլ առաջարկներ կա՞ն:

-Ունեմ, շատ ունեմ, բայց արդեն հոգնել եմ դրսում աշխատելուց:

 -Ժամանակին` 1996-97 թվականներին, մարզում էիք Հայաստանի հավաքականը, հիմա առաջարկի դեպքում կրկին կմարզե՞ք  ազգային թիմը:

-Ոչ: Այլևս ոչ:

-Ֆուտբոլում նկատելի է հետևյալը. հաղթանակի դեպքում գովեստի խոսքերի արժանանում են ֆուտբոլիստները, պարտության  դեպքում փնովանքը հասցեագրվում է մարզիչներին: Ինչու՞ է այդպես:

-Ես այդ կարծիքին չեմ: Ֆուտբոլային թիմը մի մեծ ընտանիք է, ինչպե՞ս կարելի է այն բաժան-բաժան անել: Իհարկե, եթե ամեն մեկը իրենից հեռացնի պատասխանատվությունը, այդպես չի լինի, բոլորս նույն գործն ենք անում, ծառայում ենք մի նպատակի: Եթե հաղթանակը բոլորի համար է, ապա պարտությունն էլ է բոլորինը:

-Ռուսական «Россия -2» հեռուստաալիքը ֆիլմ էր նկարահանում Ձեր մասին: Ի՞նչ ընթացքի մեջ են նկարահանումները:

- Ֆիլմն արդեն պատրաստ է: Ցուցադրություն եղել է ռուսական հեռուստատեսության եթերում: Այն ֆիլմ է մոտ 52 րոպե տևողությամբ: Պատմում է ամեն ինչ ամենասկզից, խոսում են այն ժամանակների ֆուտբոլիստները: Այն ցուցադրության կտրվի նաև հայկական հեռուստատեսությամբ:

-Օրեր առաջ Դուք դարձաք 60 տարեկան: 60-ը մեծ փո՞ րձ էր, թե՞ մի նորի սկիզբ:

-Երկուսը մեկում, ինչպես ասում են: 60-ը կուտակած մեծ փորձ է և մի նոր բանի սկիզբ: Այո, այդպես`60-ը մեծ փորձ է, նոր բանի սկիզբ:

-Մարտին արդեն մեծ շուքով կնշվի Ձեր 60-ամյակը: Ի՞նչ եք նախատեսում:

-Կժամանի 80-ական թվականների ԽՍՀՄ հավաքականը, որը կմրցի աշխարհի հավաքականի հետ: Աշխատանքները մոտ 50 տոկոսով արդեն ավարտված են, և աշխարհի հավաքականի ֆուտբոլիստները համաձայնություն տվել են: Անուններ չեմ ասի, մինչև վերջնականապես չիմանամ` կգան, թե ոչ: ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես կգան Դասաևը, Բլոխինը, Չիվաձեն և այլ հայտնիներ, ում հետ ես խաղացել եմ:  

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am