Դեղերի ոլորտի ընկերությունները բարձրաձայնել են մաքսազերծմանն առնչվող խնդիրների մասին

Armenpress 21:51, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ ներմուծող և արտադրող ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները  մաքսազերծման հետ առնչվող խնդիրները ներկայացրել են առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Արմեն Մուրադյանը հորդորել է առաջնորդվել  պաշտոնական փաստաթղթերով, որոնցով անցումային շրջանում կարգավորվում են ներմուծման և արտահանման գործընթացները` նպատակ ունենալով ապահավել դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գների կայունությունը։

Դեռ անցած շաբաթ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստան դեղեր ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկել էր Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերը:

Նախորդ հանդիպման ընթացքում բարձրացվել են դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործում առկա խնդիրներ, որոնք առնչվում են մաքսազերծման հետ։ Դրանց լուծումներ տալու նպատակով Արմեն Մուրադյանը հարցը ներկայացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am