Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց ոռոգման նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն

Armenpress 21:13, 27 Հունվար, 2015

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած  խորհրդակցությունն անդրադարձավ մարզի ջրօգտագործող ընկերությունների  2014 թվականի գործունեությանը եւ հերթական գյուղատնտեսական տարվա ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` խորհրդակցությանը մասնակցում էին Գավառի, Մարտունու, Վարդենիսի ջրօգտագործող ընկերությունների   տնօրենները, մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ:  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գավառի,  Մարտունու եւ Վարդենիսի ՋՕԸ-երում առկա եւ հրատապ լուծում պահանձող մի շարք խնդիրներ:  Քննարկումների արդյունքում  մարզի ղեկավարը հանձնարարեց    ՋՕԸ տնօրեններին`   սահմանված ժամկետում մարզպետարան  ներկայացնել  տեղեկատվություն`  կապված  ՋՕԸ-երի աշխատողների աշխատավարձերի պարտքերի եւ դրանց մարման ընթացքի մասին, ինչպես նաեւ աշխատանքների տանել ոռոգման ջրի վարձավճարների 2014 թվականի պարտքերի հավաքագրման ցուցանիշները 100%-ի  հասցնելու ուղղությամբ:  Այս տարվա  ոռոգման սեզոնը նորմալ կազմակերպելու համար Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց նաեւ ՋՕԸ-երում իրականացնել գույքագրում  եւ նախապատրաստական աշխատանքների կազմակերպման  վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել  մարզպետարան:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am