Հայաստանը գնահատում է ԼՂ հիմնահարցում Իրանի հավասարակշիռ մոտեցումը

Armenpress 12:37, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը գնահատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ մոտեցումը: Հունվարի 27-ին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Բանակցությունների ընթացքում ես իմ գործընկերոջը ներկայացրեցի այն ջանքերը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ միասին գործադրում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման ուղղությամբ: Ես նրան փոխանցել եմ, որ մենք գնահատում ենք այն հավասարակշիռ մոտեցումը, որ Իրանը ցուցաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Իրանի իր գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: «Մենք կարևորել ենք այն ջանքերը, որոնք ուղղված են երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: Անդրադարձ է եղել տարբեր տնտեսական ծրագրերի, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Թեհրանում կայացած Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում: Մենք կարևորել ենք նաև միջխորհրդարանական այցելությունները, Իրանի և Հայաստանի տարբեր մարզերի միջև սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ»,- հայտնեց Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ բանակցությունների ընթացքում Իրանի ԱԳ նախարարն իրեն ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացքող բանակցությունների ընթացքը՝ շեշտելով, որ այդ հարցում կա որոշակի առաջընթաց: «Հայաստանն ակնկալում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները կտան դրական արդյունքներ, ինչից շահելու են ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի բոլոր երկրները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am