Փետրվարը սովորականից տաք է լինելու

Armenpress 12:42, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներհոսքը մեր երկիր շարունակվելու է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ցիկլոն կդիտվի վաղը՝ երեկոյան ժամերին և հաջորդ օրվա գիշերը:

«Շրջաններում հունվարի 28-29-ի գիշերը հիմնականում ձյան տեսքով տեղումների ենք սպասում: Հունվարի 29-ի գիշերը տեղումների դադար կդիտվի և մինչև փետրվարի 1-ն առանց տեղումների եղանակ կլինի: Տաք օդային հոսանքները կակտիվանան ամսվա վերջին. Եգիպտոսից տաք օդի հզոր ալիք է սկիզբ առնում և անմիջապես տեղափոխվում է Կովկաս, այսինքն` եթե այս օրերին Երևանում գիշերը սպասվում է 0-2, ցերեկը` 8-10 աստիճան տաքություն, ապա արդեն հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և հնարավոր է, որ Արարատյան դաշտում դիտվի մինչև 13-14, իսկ Սյունիքի և Տավուշի հովիտներում՝ մինչև 18 աստիճան տաքություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ փետրվարին նույնպես տաք է լինելու՝ հատկապես հանրապետության արևմտյան շրջաններում` Շիրակում, Արագածոտնում, Արարտյան դաշտում, Կոտայքում, Վայքում, Վայոց Ձորում:

«Սպասում ենք, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր լինի: Առաջին տասնօրյակում հանրապետության լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը մինչև 8-10 աստիճան կբարձրանա, իսկ ամսվա երկորդ տասնօրյակում հնարավոր է 15-20 աստիճան ցուրտ` գիշերային ժամերին»,-նշեց նա:

Արարատյան դաշտում և Երևանում փետրվարի առաջին օրերին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 15 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում՝ առանձին օրերին հնարավոր է գիշերային ժամերին մինուս 8-10 աստիճան:

«Ամենատաքը Սյունիքում է լինելու: Ամբողջ ամիսը 2-3 աստիճանով սովորականից տաք եղանակ ենք սպասում»,-հավելեց Գագիկ Սուրենյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am