Օսլոյում կայացել է նորվեգացի պրոֆեսորի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում «P.E.N.» ասոցիացիայի մասնաճյուղն Օսլոյում հունվարի 22-ին կազմակերպել է նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Առանձին ելույթներով հանդես են եկել իրավաբան Հեննե Սոֆի Գրեվեն, պատմաբան, նորվեգական առաջատար «Սիվիտա» վերլուծական կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենը, գրող և թուրքագետ Յուջին Շուլգինը:
Իր խոսքում Յան Օտտո Յոհանսենը նշել է, որ իր գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և որ այն ուղղված չէ թուրքերի դեմ, չնայած որ Թուրքիայի կողմից այն ագրեսիվորեն ժխտվում է:
Բորդ Լարսենն իր ելույթում ընդգծել է, որ հայերի հետ կատարվածը միանշանակորեն ցեղասպանություն է, որն իրավական կատեգորիա է` դրանից բխող իրավական հետևանքներով: «Հայոց ցեղասպանության իրականացումն առաջին հերթին Օսմանյան կայսրության փլուզումից հետո թուրքական ինքնության ճգնաժամի հոգեբանական ռեակցիան էր», - նշել է Բորդ Լարսենը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Հաննե Սոֆի Գրեվեն իր խոսքում նշել է. «Հայոց ցեղասպանությունը չպետք է ժխտվի: Դա ցեղասպանություն էր իր ամենադաժան դրսևորումներով»:
Շնորհանդեսին դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով հանդես է եկել դաշնակահարուհի Մարիամ Խառատյանը:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան