Մեթյու Քարանյանը պատմական Հայաստանի մասին գիրք է հրատարակել

Armenpress 14:41, 13 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Մեթյու Քարանյանը նոր գիրք է հրատարակել «Պատմական Հայաստանը 100 տարի անց. Անի, Կարս և Արևմտյան Հայաստանի վեց նահանգները» խորագրով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անգլերեն գիրքը յուրատեսակ ուղեցույց է ծառայում բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան այցելել վերոնշյալ վայրերը:

Գիրքը ստեղծվել է մի քանի տարվա աշխատանքի և հետազոտությունների արդյունքում, որոնք արել է հենց հեղինակը: Աշխատությունը բաղկացած է 176 էջից, որոնք ձևավորված են հեղինակի կողմից արված լուսանկարներով, ինչպես նաև  քարտեզներով: «Հայկական Հոլոքոստից հարյուր տարի անց հայերի պատմական հայրենիքն աշխարհի մեծ մասի համար շարունակում է մնալ անհայտ: 1915 թվականից ի վեր հայ ժողովրդի մշակութային հուշարձանների մեծ մասը պատմական Հայաստանի տարածքում ոչնչացվել է կամ փոխակերպվել այլ կիրառման համար: Սակայն դեռևս շատ բան է մնացել»,- նշվում է գրքի նախաբանում: Քարանյանը գրքում ներկայացնում է բոլոր կանգուն մնացած հուշարձանները, եկեղեցիները, ինչպես նաև այդ տարածքներում բնակվող ծպտյալ հայերին:

Գրքի մասին ավելի մանրամասն ծանոթանալ, ինչպես նաև այն ձեռք բերել կարելի է այստեղ:

Մեթյու Քարանյանը ԱՄՆ-ում բնակվող հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է, ով Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում դասավանդում է իրավաբանություն: Երկար տարիներ ապրել և աշխատել է Հայաստանում, դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2003 թվականին նա իր ուսանողների հետ հիմնել է Armenian Law Review իրավաբանական ամսագիրը:

«Պատմական Հայաստանը 100 տարի անց. Անի, Կարս և Արևմտյան Հայաստանի վեց նահանգները» գրքից առաջ նա 2006 թվականին Ռոբերտ Քուրքչյանի հետ հրատարակել էր մեկ այլ գիրք` «Քարե պարտեզի ուղեցույց. Հայաստան և Ղարաբաղ» խորագրով: Գիրքը ճանաչվել էր լավագույնը CNN Traveler ամսագրի կողմից, իսկ Washington Times-ը այն գնահատել էր որպես բարձրակարգ ուղեցույց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am