Ադրբեջանական կողմը կրկին դիմել է դիվերսիոն փորձի և կորուստներ ունի / լրացված/

Armenpress 21:44, 11 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Զինված ուժերը հունվարի 11-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում կատարել են դիվերսիոն փորձ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայ դիրքապահների կողմից հակառակորդի դիվերսիոն գործողության մասնակիցները ժամանակին նկատվել են, դարանակալվել, իսկ դիվերսիոն խումբը չեզոքացվել: «Այսօր ժամը 17:30 ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը ծնված 1935 թ.: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշել է Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը նշեց, որ Սերյոժա Սարգսյանը հովիվ էր և գործողության ժամանակ հոտ տարել էր արածեցնելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am