Պան Գի Մունը Լիբերիայում Էբոլա տենդի տարածման դանդաղում է արձանագրել

Armenpress 10:18, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերիայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածումը դանդաղում է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրի մայրաքաղաքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Մոբիլիզացման մեր ռազմավարությունը գործում է»,- ընդգծել է նա, հավելելով, որ «այժմ ջանքերը թուլացնելու ժամանակը չէ»:

Արեւմտյան Աֆրիկայի երկրներ ուղեւորության ընթացքում գլխավոր քարտուղարին ուղեկցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը եւ Էբոլայի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Դավիթ Նաբարոն:

«Մենք ձեզ հետ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ համաճարակը չի հաղթահարվել,- Լիբերիայի բնակիչներին հավստիացրել է Պան Գի Մունը:- Անհրաժեշտ է ակտիվացնել հիմնական սոցիալական ծառայությունների վերականգնմանը, առողջապահության մարմինների ամրապնդմանը եւ տնտեսական ակտիվության աջակցմանն ուղղված ջանքերը»:

Լիբերիայից հետո Պան Գի Մունը կուղեւորվի Սիեռա Լեոնե, այնուհետեւ՝ Գվինեա եւ Մալի:

Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ Էբոլա տենդի համաճարակի ներկայիս բռնկման զոհ է դարձել ավելի քան 6,9 հազար մարդ, վարակված են ավելի քան 18 հազարը: Վտանգավոր վիրուսի զոհերի մեծ մասը բաժին Է ընկնում Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am