ՊՆ-ն զինծառայողների արդյունավետ բուժման նպատակով ձեռք կբերի «բրենդային» դեղորայք

Armenpress 20:32, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք կբերի համապատասխան բուժում ապահովող այսպես կոչված «բրենդային» դեղորայք` հաշվի առնելով դրանց առավել արդյունավետ ազդեցությունը բուժման գործընթացի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

Նշված դեղորայքի ձեռքբերման համար անհրաժեշտ 61 մլն 840 հազար դրամի օգտագործման հնարավորությունն առաջացել է 2014 թվականի գնումների ընթացքում նախահաշվային և պայմանագրային գների դրական տարբերությամբ, ինչպես նաև հաստատված անվանացանկից ծավալների (մասնակի կամ ամբողջությամբ) կրճատմամբ պայմանավորված ազատ միջոցների գոյացմամբ: Նախատեսվում է անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերումն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am