Մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը

Armenpress 13:13, 5 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունում դեկտեմբերի 5-ին մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման առաջին խմբի ստուգումը, որին մասնակցում է 28 դիմորդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլորին հաջողություն է մաղթել և նշել, որ եթե յուրաքանչյուրը ճիշտ կատարի տրված առաջադրանքն ու հաղթահարի անցողիկ շեմը, ապա վստահ կլինենք, որ ունենք որակյալ թարգմանիչներ: «Ձեր միակ հույսը ձեր գիտելիքն է»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով թարգմանության համար նրանց տրվել է հայերեն և համապատասխան օտար լեզուներով տասը առաջադրանք: Հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն կատարվող թարգմանությունների տեքստերը ներառում են իրավական փաստաթղթերից հատվածներ, նոտարիատի բնագավառի տեքստեր և այլն: Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավոր համակարգով: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվելու է 2 միավոր: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները: Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր:

Երկրորդ խմբի ստուգումը կմեկնարկի նույնպես այսօր` դեկտեմբերի 5-ին` ժամը 14:00-ին, իսկ երրորդ խմբինը՝ դեկտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am