ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Armenpress 16:10, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Նոյեմբերի 28-ին տեղի կունենա պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում այլ հարցերի հետ ընդգրկված է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Նա ընդգծեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի գլխադասային հանձնաժողովը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է: «Արտաքին հարաբերությունների և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները, հաշվի առնելով հարցի կարևորությունը, պայմանագիրը առանձին քննարկման առարկա կդարձնեն նաև հանձնաժողովներում, իսկ լիագումար նիստում քննարկման ժամանակ հանդես կգան հարակից զեկուցմամբ»,- նշեց նա:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին  ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվելու հարցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am