Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև

Armenpress 15:57, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը լավ հնարավորություն ունի կապող օղակ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև:

Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը: «Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ երկու կողմերի միջև: Այո՛, կարող է դառնալ, որովհետև Հայաստանը երկար ճանապարհ է անցել Եվրամիության հետ, այդ կառույցի օգնությամբ իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ և ծանոթ է այդ միության ինստիտուցիոնալ կառուցվածքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Կարինե Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանը երկար ճանապարհ է անցել նաև Մաքսային միության անդամ երկրների հետ, ուստի միանգամայն կարող է կապող օղակ դառնալ երկու միությունների միջև և նպաստել դրանց համագործակցությանը: «Այս պահին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից որևէ մեկը չունի Եվրամիության հետ համագործակցության Հայաստանի փորձը: Սա էլ արդեն մեզ լուրջ հնարավորություն է տալիս կապել այդ երկու միությունները»,- ընդգծեց ՀՀ նախագահի խորհրդականը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Նոյեմբերի 17-ին ՀՀ սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am