Գյումրիում մեկնարկել է «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի առաջին փուլը
ԳՅՈՒՄՐԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Գյումրիի անօթևանների խնդրի լուծման «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի առաջին փուլը: Այս փուլի շրջանակում վկայագիր է տրամադրվում ծրագրի շահառու ճանաչված 214 ընտանիքի: Վերջիններս արդեն ծանուցվել են ծրագրին մասնակցելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, անօթևանության ցուցակում հաշվառված, ծրագրի այս փուլի շահառու ճանաչված տվյալ ընտանիքները պետք է ներկայացնեն դիմումներ և փաստաթղթեր: Փաստաթղթերի ճշգրտումից հետո վերջիններս մինչև տարեվերջ կստանան վկայագրերը: Այս ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արդեն հստակեցրել է ծրագրի երկրորդ փուլի շահառուների հերթացուցակը: Ի դեպ, ծրագրի առաջին փուլի շահառուները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, այլապես դուրս կմնան ծրագրից: Վկայագիր ստանալուց հետո շահառուն բնակարան պետք է գնի 6-ամսյա ժամկետում:
ՀՀ Կառավարության հոկտեմբերի 2-ի թիվ 1151-Ն որոշմամբ, ծրագիրն իրականացնելու համար, ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլդ 500 հազ. դրամ: Բնակարանների համար սահմանված է 1 քառակուսի մետրի համար՝ 109 հազար 300 դրամ: Բնակարան կարելի է ձեռք բերել հանրապետության ցանկացած բնակավայրում: Շահառուները վկայագրերով հնարավորություն կունենան ձեռք բերել բնակարանը, եթե տվյալ բնակարանը կհամապատասխանի բնակության համար անհրաժեշտ բոլոր նորմերին: Կեղծ գործարքները բացառելու համար այս ծրագրով, նախապես գումարի միայն 60 տոկոսը կհատկացվի, իսկ մնացածը առքուվաճառքն ավարտելուց և ժամանակավոր կացարանը քանդելու մասին տեղեկանքը տրամադրելուց հետո միայն:
Արմենուհի Մխոյան