Վրաստանի էներգահամակարգի վթարը հոսանքազրկել էր գրեթե ողջ երկիրը

Armenpress 10:07, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ամբողջովին վերականգնվել է էներգամատակարարումը նոյեմբերի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած վթարից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Ջեյրանաշվիլին:

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել ԹբիլՊՇԷԿ-ում, ինչը հանգեցրել է երկրի գրեթե ամբողջ Էլեկտրահամակարգի աշխատանքի խափանման:

«Պահուստային հզորությունների գործարկման շնորհիվ էլեկտրաէներգիան փուլ առ փուլ, սկսած Արեւմտյան Վրաստանից, սկսել է մատակարարվել երկրի տարածաշրջաններին, եւ վթարից երկու ժամ անց ամբողջ էներգահամակարգն արդեն գործում էր»,- ասել է Ջեյրանաշվիլին:

Ներկա պահին էլեկտրահամակարգի աշխատանքը կայունացել է, եւ Վրաստանի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով: «Ինչ վերաբերում է ԹբիլՊՇԷԿ-ի վթարին, ապա դրա պատճառը ճշտվում է»,- նշել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am