Քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում հանցագործի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ

Armenpress 21:48, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի կենտրոնում երկու տղամարդու՝ Ռ.Հակոբյանին եւ Գ.Մելքոնյանին միջին և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում։ Երևանի Սայաթ-Նովա 15 հասցեի մոտ մի քանի անձ վիճաբանության ժամանակ ծեծել են Ռ.Հակոբյանին և Գ.Մելքոնյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում ստացվել է նշված հասցեում գործող տեսախցիկի տեսագրությունը, որից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց լուսանկարները։

Կոմիտեն խնդրում է լուսանկարում պատկերված անձանց ինքնության կամ գտնվելու վայրի տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am