Յանակիս Օմիրուն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների պահվածքը

Armenpress 17:04, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետությունը սատարում է Հայաստանի ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ բանակցությունների եղանակով կարգավորելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:  «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցությունների արդյունքում: Կիպրոսը սատարում է Հայաստանի ջանքերը` համակարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օմիրուն:

Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման փաստին՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն ընդգծեց, որ ինքը դատապարտում է ցանկացած բռնություն:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և պարզել անձնակազմի ճակատագիրը, Օմիրուն ընդգծեց, որ նույնիսկ պատերազմի ժամանակ զոհերի նկատմամբ հարգանքը պատմության խորքերից եկած օրենք է: «Ադրբեջանի իշխանությունների այդ պահվածքը ես անթույլատրելի եմ համարում»,- ընդգծեց Օմիրուն:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռը: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ է արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:Հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am