Հաջորդ տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չի սպասվում

Armenpress 12:18, 4 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն չի սպասվում: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Դուք գիտեք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարգավորղ ընկերությունների տնտեսական գործունեության մշտադիտարկումներ է իրականացնում, և այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ 2015թ. ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների որևէ փոփոխություն չի նախատեսվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ. հուլիսի 1-ին որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով թանկացնելու մասին: Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: Էլեկտրաէներգիայի վերջին թանկացումը տեղի էր ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին, այդ ժամանակ այն թանկացավ 27%-ով: Մեկ տարվա ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը  թանկացել է 37%-ով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am