Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբի «Ազատության» մրցանակն այս տարի կշնորհվի Մորգենթաուների ընտանիքին

Armenpress 15:18, 1 Նոյեմբեր, 2014

ՆՅՈՒ ՅՈՐՔ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբն իր ամենամյա ութերորդ ընդունելությանը «Ազատության» մրցանակ կշնորհի Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, ընդունելությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Նյու Յորք քաղաքում:

«Գնալով իր պապի հետքերով` պարոն Ռոբերտ Մորգենթաուն և նրա ընտանիքը շարունակում են լինել  Հայ դատի աչալուրջ ջատագովները` Հայոց ցեղասպանության և մյուս բոլոր անարդարությունների մասին ճշմարտությունը ներկայացնելով իշխանություններին»,-  ասել է Հայ դատի Արևելյան ափի հանձնախմբի նախագահ Ստեփան Մեսրոպյանը:

«Ազատության» մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և ամերիկահայ համայնքին հուզող մյուս հարցերում: Այս մրցանակին են արժանացել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր Սամանթա Փաուերը, ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ նախկին սենատոր Էլիզաբեթ Դոուլին, բարոնուհի Քերոլայն Քոքսը և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am