«Մանկական եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան երգի տեսահոլովակի պրեմիերան՝ այսօր

Armenpress 12:08, 29 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն պատրաստ է «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արեւի մարդիկ» երգի տեսահոլովակը: Պրեմիերան կկայանա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:30-ին, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը: «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am