Հերմինե Նաղդալյանը Հայաստանում իշխանափոխության հիմքեր չի տեսնում

Armenpress 14:21, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին իշխանափոխության համար հիմքեր չկան: Հայաստանի երիտասարդական հիմնադրամում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ես այդ հիմքերը չեմ տեսնում, որքան էլ ընդդիմադիրները մեզ քաղաքագիտական դասագրքերից բաներ են ներկայացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահն այն կարծիքին է, որ երկրում բոլոր ժողովրդավարական և օրինական գործընթացները շարունակվելու ե,ն և հաջորդ ընտրությունները կլինեն 2017թ. խորհրդարանական ընռրությունները:

Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ առաջնորդը հայտարարել է ամբողջ հանրապետության տարածքով եռյակի սկսած ժողովրդական շարժումը համակարգող շտաբեր ստեղծելու մասին, Նաղդալյանն ընդգծեց, որ դա ընդդիմադիրների իրավունքն է: «Ընդդիմությունը որոշակի մարտավարությամբ աշխատելու իրավունք ունի, և նրանք ընտրել են այդ մարտավարությունը: Հիմա թե դրա անունը շտաբ կլինի, գրասենյակ կլինի, թե մեկ այլ բան, այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ ընդդիմությունը գործ է անում»,- նշեց Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am