Կենդանաբանական այգում կանցկացվի նկարչական օր

Armenpress 20:07, 24 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում հոկտեմբերի 25-ին կանցկացվի «Նկարչական օր» խորագրով միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջոցառման կազմակերպիչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից,  միջոցառումն ամենամյա Համահայկական նկարչական մրցույթի մասն է:

Այս մրցույթին իրենց նկարչական աշխատանքները կարող են ներկայացնել Հայաստանից և արտերկրից մեր բոլոր հայրենակից երեխաները: Հաղթողները կպարգևատրվեն տարբեր մրցանակներով:

Օրվա միջոցառումների հագեցած ծրագիրում նախատեսվում են «Ալեքսանդրապոլ», «Small Bodies» և «Մանուսկրիպտ» երաժշտական խմբերի կատարումները, իսկ «Կապոեյրա» մարտարվեստի թիմի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Unbreakables» բրեյք-դանսի խմբի ցուցադրական ելույթին հաջորդելու են բաց ինտերակտիվ դասընթացներ ցանկացողների հետ: Հոկտեմբերի 25-ին բնությանը նվիրված հարյուրավոր նկարների շրջապատում կանցկացվեն խաղեր, մրցույթներ, հեծանիվի խաղարկություն՝ Երևանի կենդանաբանական այգու կողմից:

Նկարչական օրվա լավագույն նկարները կընտրվեն Երևանի տարբեր վայրերում ցուցահանդես անցկացնելու համար:

Համահայկական նկարչական 7-րդ մրցույթին կարելի է մասնակցել՝ մինչև նոյեմբերի 30-ը աշխատանքները տեղադրելով paintingday.sunchild.org կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am