Թուրքիայում դիմակներով ակցիաները կհամարվեն պետականության դեմ գործողություն եւ կարգելվեն

Armenpress 21:40, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը պետք է վերակառուցվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TRT Haber հեռուստաաալիքը, թուրք վարչապետն ասել է, որ Թուրքիայում ակցիաներ անկացնելու հարցում պետք է քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումներ կատարվեն:

Դավութօղլուն ասել է, որ բարեփոխումների շրջանակում արգելվելու են «պետականության դեմ ակցիաները», որոնք, նրա խոսքով` «սպառնալիք են ժողովրդի կյանքի համար»:

Նա նշել է, որ ակցիաների ընթացքում մասնակիցներին արգելվելու է դիմակներ կրել, որը գնահատվելու է որպես պետականության դեմ գործողություն եւ սպառնալիք, իսկ «մոլոտովյան կոկտեյլների» կիրառումը դիտվելու է որպես զենքի օգտագործում:

Դավութօղլուն նշել է, որ ոչ ոք իրավունք չունի զենքով մասնակցել ցույցերին, իսկ նման դեպքում պատիժը 2,5 տարվա փոխարեն դառնալու է 4 տարի ժամկետով ազատազրկում:

Նրա խոսքով` արմատական փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ ոստիկանական համակարգում, իսկ թմրավաճառներն էլ դիտվելու են որպես ահաբեկիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am