ՀՀ վարչապետ հանդիպել է Սպահանի նահանգապետին

Armenpress 18:46, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:

Այնուհետև Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ Հայաստանի կառավարության անդամներին ողջունել են կրթահամալիրի սաները, ուսուցիչները և հայ համայնքի ներկայացուցիչները: 

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել կրթահամալիրի դերը հայապահպանության գործում և կառավարության աջակցությունը հայտնել ազգապահպանությանն ուղղված համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը:

Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նոր Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միություն, կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am