Ֆիլհարմոնիկ նվագախումբը Ավստրիայում և Գերմանիայում հանդես է եկել հյուրախաղերով

Armenpress 16:09, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հոկտեմբերի 4-11-ը Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում հյուրախաղերով է հանդես եկել Ավստրիայում և Գերմանիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նվագախումբը հոկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Լինցի «Բրուքներհաուս», հոկտեմբերի 6-ին` Կլագենֆուրտի «Մյուզիքվերեյն Կառնտեն», հոկտեմբերի 10-ին` Լյուբեկեի «Շտադհալե» համերգասրահներում: Հյուրախաղերի ընթացքում ներկայացվել են Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» և սյուիտը «Սպարտակ» բալետից, Պ. Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան, Դ. Շոստակովիչի «Ջութակի թիվ 1 կոնցերտը», Մ. Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» և Էդ. Միրզոյանի «Շուշանիկ» սիմֆոնիկ պոեմները: Մենակատարներն են Անուշ Նիկողոսյանը (ջութակ) և Անդրեաս Ֆրյոլիխը (դաշնամուր): 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am