Շենգավիթի թիմը լավագույնն է Հայաստանի աղջիկների առաջնությունում

Armenpress 12:10, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Չեմպիոն դարձավ Շենգավիթի հավաքականը:

Առաջնության վերջին օրը շենգավիթցիները 4-րդ անընդմեջ հաղթանակ տարան` 44:26 (26:10) հաշվով առավելության հասնելով ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Կրկին վերելքով հանդես եկավ Շենգավիթի հավաքականի ռմբարկուն` Շուշանիկ  Եսայանը, որը 18 գնդակ խփեց մրցակցի դարպասը: Նա ճանաչվեց  մրցաշարի լավագույն ռմբարկու: Լավագույն խաղարկողը նրա թիմակից Յանա Աբրահամյանն է, իսկ լավագույն դարպասապահը` Աջափնյակի ներկայացուցիչ Էլեն Ոսկանյանը: Ուշադրության կենտրոնում էր նաև  ԽՄՕՄՄ-ի դարպասապահ Աստղիկ Բեյլերյանը: Նա 12 տարեկան է և հեռանկային մարզուհի: Վերջին օրն Աջափնյակի ընտրանին 28:16 (11:8)  հաշվով առավելության հասավ ԼՂՀ-ի հավաքականի նկատմամբ և իր համար ապհովեց 2-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հանդբոլի ֆեդերացիան:

Հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ. 1. Շենգավիթ` 8 միավոր, 2. Աջափնյակ (6), 3. ԽՄՕՄՄ (4),  4. ԼՂՀ (4), 5. Քաջարան (0):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am