Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Armenpress 20:47, 15 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հոկտեմբերի 15-ին քաղաքական խորհրդակցություններ են կայացել: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեն:

Քննարկվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` վկայակոչելով առկա ձեռքբերումները և դեռևս չօգտագործված ներուժը:

Կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am