ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետեր չլինելը սկզբունքային հարց է. քաղաքագետ

Armenpress 13:08, 7 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու պայմանագիրը հոկտեմբերի 10-ին կստորագրվի, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի Մինսկի կամ Աստանայի կողմից: Ֆորսմաժորային իրավիճակ ասելով քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատի ունի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ, այլեւ Հայաստանի անդամակցությանը դեմ լինելու հարցի բարձրացում: Ըստ Մինասյանի, այս հարցերը առավելապես լծակներ կարող են լինել Մինսկի եւ Աստանայի ձեռքին, իրենց ծրագրերն առաջ տանելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սերգեյ Մինասյանը շեշտում է, որ գլխավոր քննարկվելիք հարցը` մաքսակետերի տեղադրումն է:  «Հայաստանը բոլոր միջագզային կառույցներին մասնակցել է որպես ՀՀ` իր սահմաններով, բայց դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ մաքսակետեր չեն եղել Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ: Եթե դիտարկենք ՀՀ-ԼՂՀ հետագա տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլ ոլորտներում համագործակցությունը, ապա դա կազմում է ընդհանուր տարածք, եւ Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ չեն կարող լինել մաքսակետեր»,-պարզաբանեց Մինասյանը: Նրա խոսքով` նախ հարցը սկզբունքային է, քանի որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին` նպատակ ունենալով նպաստավոր տնտեսական եւ ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել ՀՀ եւ ԼՂՀ-ի համար: «Եթե որեւէ խնդիր ստեղծվի, ապա ՀՀ անդամակցության նպատակը իմաստազրկվում է: Չեմ կարծում, որ հետագայում էլ մաքսակետերի հետ կապված խնդիրներ կառաջանան»,- ասաց Մինասյանը:

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի կազմում են ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում կկայանա գագաթնաժողով, որի շրջանակներում կստորագրվի պայմանագիր եւ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին հիմնադիր անդամի սկզբունքով: ԵՏՄ-ն իր գործունեությունը կսկսի 2015թ. հունվարի 1-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am