Դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը հանդես կգա մենահամերգով

Armenpress 17:55, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի գրասենյակից, դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները: Մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է Հայաստանի  Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մոսկվայում ծնված ականավոր ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին համարում են մեր իրականության ամենակրթված և բազմակողմանի, ամենագունեղ և ինքնատիպ երաժիշտ-կատարողներից մեկը: Ա. Լյուբիմովի երաժշտացանկը ահռելի է և ընդգրկում է մի քանի դարաշրջան: Լյուբիմովը մի շարքի հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է և արժանացել միջազգային լայն ճանաչման: Նա համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, ելույթներ ունեցել անվանի նվագախմբերի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am