Առևտրականները ԱԺ-ի դիմաց շարունակում են բողոքի ակցիան
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ Ազգային ժողովի դիմաց շարունակում են իրենց բողոքի ակցիան: Առևտրականները բողոքում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենքից, որն արդեն վավերացվել է Ազգային ժողովի կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առևտրականները պահանջում են հետ կանչել օրենքը կամ մշակել նոր օրենքի նախագիծ, որը կբավարարի իրենց պահանջները: Սեպտեմբերի 29-ին նրանց հետ հանդիպել են ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նրանց տեղեկացրել է, որ իրենք երկու օրենքի նախագիծ են մշակում, որոնցով լուծում կստանան բոլոր խնդիրները:
ԱԺ ոչ իշխանական ուժերն այժմ ստորագրահավաք են կազմակերպում, որպեսզի սեպտեմբերի 30-ին ժամը 18:30-ին արտահերթ նիստ հրավիրեն վերը նշված օրենքի նախագծերի քննարկման համար:
Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը։ Օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից իջեցնել 1 տոկոսի, միաժամանակ տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Փոքր ու միջին ձեռնարկությունները այսուհետեւ պարտավոր են փաստաթղթեր ներկայացնելառանձին ապրանքների վերաբերյալ։ Փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ նախազգուշացում է ստանալու, երկրորդ անգամ՝ տուգանվելու 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: