Բակո Սահակյանը «Խրիմյան» թանգարանի տնօրենին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Armenpress 13:25, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ստեղծման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էջմիածնի Մայր տաճարի մշակութային խորհրդական, Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը պարգևատրվել է «Երախտագիտություն»  մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահի մեկ այլ հրամանագրով` գրադարանային գործի ոլորտում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել «Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարիա Խաչատրյանին, «Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կարինե Հայրապետյանին, «Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան» պետական ոչ ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Միքայելյանին, գրադարանային գործի մասնագետ, կենսաթոշակառու Իզաբելլա Ստեփանյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am