Աշխարհի չեմպիոնները պետության ղեկավարից բարձրագույն պարգեւներ ստացան

Armenpress 17:36, 21 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով: Նախագահական նստավայրում պարգեւատրման արարողությունից հետո լրագրղների հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ շատ հպարտ է հանրապետության ղեկավարի կողմից նման բարձր պատվի արժանանալու համար: «Շատ հպարտ եմ, շատ ուրախ եմ, որ այսօր` այս տոնական օրը, պարգեւատրվել եմ հանրապետության նախագահի կողմի: Այս պարգեւն ինձ համար շատ կարեւոր է, հատկապես վերջին հաջողությունից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ալեքսանյանը:

Լրագրողների հետ զրույցում` աշխարհի մյուս չեմպիոնը` Արսեն Ջուլֆալակյանը, նշեց, որ սա իր երկրորդ պարգեւն է: «Նման պարգեւները ոգեւորում են մարզիկներին եւ մարզասերներին, ինչպես նաեւ հասկացնում են, որ նման մեծ նվաճումները երբեք մոռացության չեն մատնվում եւ գնահատվում են»,-նշեց աշխարհի չեմպիոնը: Ջուլֆալակյանը շնորհավորեց հայ ժողովրդին ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am