Հայաստանի անկախության օրը նաեւ Խաղաղության միջազգային օրն է

Armenpress 16:38, 21 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1981թ. ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր: Միջազգային կառույցը, սեպտեմբերի 21-ը տոն հռչակելով, անդամ երկրներին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին, տարածաշրջանային եւ ոչ-կառավարական կազմակերպություններին, ինչպես նաեւ անհատներին առաջարկել է ամեն տարի տարբեր միջոցառումներով նշանավորել այդ օրը: 

Տոնն, ամեն տարի ներգրավելով միլիոնավոր մարդկանց, կոչված է մարդկությանը ստիպել ոչ միայն խորհել խաղաղության մասին, այլև հանուն դրա ինչ-որ բան անել: ՄԱԿ-ը Խաղաղության միջազգային օրն օգտագործում է խաղաղության ամրապնդմանն ուղղված իր բազմակողմանի գործունեության ուղղությամբ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով:

2001թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձեւ, որը սեպտեմբերի 21-ը հայտարարել է առանց բռնության եւ հրադադարի օր` ամբողջ աշխարհով մեկ միջոցառումներ անցկացնելով՝ խաղաղության իդեալների և բռնությունից հրաժարվելու գաղափարի քարոզչության նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am