Էստոնիայում անցկացվել է Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

Armenpress 18:01, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի խորհրդարանում` Ռիյգիկոգուում, սեպտեմբերի 19-ին ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հատկանշական է, որ Էստոնիայի խորհրդարանում առաջին անգամ տեղի է ունեցել օտարերկրյա պետության ազգային տոնին նվիրված միջոցառում:

Ընդունելությանը ներկա են եղել Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ Լայնե Ռանդյարվը, Էստոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, խորհրդարանի ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդման, օրենսդիր մարմնի այլ անդամներ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս) և Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ տիկին Լայնե Ռանդյարվը:

Դեսպան Այվազյանը շնորհակալական խոսքեր է ուղղել Էստոնիայի Ռիյգիկոգուի ղեկավարությանը` ՀՀ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունը հյուրընկալելու համար:

Դեսպանն իր խոսքում անդրադարձել է նաև հայ-էստոնական հարաբերությունների պատմությանը` նշելով դրանց հետագա զարգացման կարևորությունը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am