Ֆրանսիայի դեսպանատունը կմիանա «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կմասնակցի «Եվրոպական ժառանգության օրեր Հայաստանում» միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Ֆրանսիայի դեսպանատունը կհայտարարի բաց դռների օր»,-նշեց Ռենոն:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ տեղեկացրեց, որ միակ դեսպանատունը, որ համաձայնել է մասնակցել «Եվրոպական ժառանգության օրերին», Ֆրանսիայի դեսպանությունն է:
Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-28-ին՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, կոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու համար մշակութային ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները և վերաարժեվորելու հայ մարդու մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:
Այս տարի ևս հանրապետության բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաև այն հուշարձան-հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:
Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում: