Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև

Armenpress 15:58, 15 Սեպտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 13-ին Բասկերի Երկրի Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրե Օրտելանոյի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև բարեկամական և գործնական փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման հեռանկարների շուրջ։

Հանդիպման արդյունքներով Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։  Համաձայնագրում նշվում է, որ կողմերը հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա իրականացնելու են փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր բնագավառներում։

Ըստ Համաձայնագրի` երկու քաղաքները և նրանց համապատասխան կառույցները պարբերաբար շփումներ են ունենալու՝ քննարկելու համագործակցության խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաքն է, երկրի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Հայտնի է ֆիլմերի միջազգային փառատոնով։ Դոնոստիա քաղաքը Եվրամիության կողմից հայտարարվել է 2016 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am