ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ու Արգենտինայի ազգային ինստիտուտը ստորագրել են փոխգործակցության հուշագիր

Armenpress 16:05, 3 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակությունը, որը Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ 2014թ. հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ հաղորդեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը, և վստահություն է հայտնել, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխարտգործնախարար Սուաինը ընդգծել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցությունը, և այդ առումով կարևորել է պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ կազմակերպված հայ համայնքի առկայությունն Արգենտինայում մեծապես նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև ստեղծված բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի բացակայությունը, հարուստ իրավապայմանագրային դաշտի առկայությունը, երկու երկրների մայրաքաղաքների քույր-քաղաքներ հանդիսանալը կարևոր գործոն են` երկկողմ փոխգործակցության խորացման համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ապակենտրոնացված փոխգործակցության ամրապնդումը, գիտական, կրթական, մշակութային փոխանակումների ակտիվացումը։

Զրույցին անդրադարձ է կատարվել միջագային և տարածաշրջանային խնդիրներին։

Հանդիպումից հետո ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալեյգը իրենց կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am