Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայից անկախությունը կհռչակի 2015 թվականի ապրիլին

Armenpress 10:16, 3 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի ազգային ժողովը (խորհրդարանը) ծրագրում է Իսպանիայից ինքնավար մարզի անկախությունը միակողմանի կարգով հռչակել 2015 թվականի ապրիլի 24-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ABC թերթին, այս ժամկետն է նշված թագավորության կազմից դուրս գալու նախնական ժամանակացույցում, որը նախատեսում է իրադարձությունների զարգացման մի քանի սցենար:

Նրա տեղեկությունների համաձայն՝ այդ ժամկետն ուժի մեջ կմնա անկախ այն բանից, թե Կատալոնիայում նոյեմբերի 9-ին հանրաքվե կկայանա արդյոք ինքնավար մարզի ինքնիշխանության հարցի շուրջ:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Ազգային ժողովը պլանավորում է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին հանրաքվե անցկացնել արդեն ինքնիշխան Կատալոնիայի սահմանադրության ձեւավորման հարցի շուրջ:

ABC-ն նշում է, որ կատալոնցիները լրջորեն են տրամադրված եւ պատրաստ են իրենց վրա վերցնել սահմանների, ենթակառուցվածքի օբյեկտների պահպանությունը, ապահովել հանրային անվտանգությունը եւ հաղորդակցության միջոցներն իրենց տարածքում: Այսօրինակ ծրագիրը, դրա իրագործվելու դեպքում, «հավասարազոր է պետական հեղաշրջման», նախազգուշացրել է հրատարակությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am