Մանկական բեսթսելեր 2/28. Միխայիլ Պլյացկովսկու «Սկյուռիկի երգը» վերադարձել է վարկանիշային աղյուսակ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:
«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Գրքին հաջորդում է «Բուկինիստ» հրատարակչության` Միխայիլ Պլյացկովսկու «Սկյուռիկի երգը» մանկական ստեղծագործությունը, որը երկար ժամանակ չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում: Այն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտի» մանկական «Արև, արև, եկ, եկ» բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են հայ մանկագիրների գործերը: Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:
Յոթերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:
Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն («Արևիկ» հրատարակչություն) այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Էդիթ Պրինտ»-ի հրատարակած` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» ժողովածուն: Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ. Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0«Մաշան ու արջը.
թռչող ցախավելը»
Բուկինիստ 30 3 *Միխայիլ Պլյացկովսկի
«Սկյուռիկի երգը»
Բուկինիստ 15 4 0Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
Արևիկ 12 5 -2Հանս Քրիստիան Անդերսեն
«Հեքիաթներ»
Արևիկ 8 8 0Ղազարոս Աղայան
«Հեքիաթներ»
Արևիկ 7 9 0Գրիմ Եղբայրներ
«Հեքիաթներ»
Արևիկ 6 10 -4Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»
Էդիթ
Պրինտ
6