Վարչապետը հանձնարարել է լուծել պետբուհերի երիտասարդ դասախոսների խնդիրը

Armenpress 17:09, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հնարավոր լուծման տարբերակներ գտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի պատճառով պետական բուհերը լքելու մտադրություն ունեցող երիտասարդ դասախոսների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն կատարած այցից հետո նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը:

«Խնդրին տեղյակ ենք: Երիտասարդները դիմել են հանրապետության վարչապետին, և նրա հանձնարարությամբ քննարկվում են խնդրի հնարավոր լուծման տարբերակները: Համակարգի յուրաքանչյուր մասնակից մեկ կարգավիճակ ունի ՝ կամ մասնակցում է նպատակային սոցիալական վճարների կատարմանը, կամ չի մասնակցում: Վարչապետի հանձնարարականով՝ խնդիրը կարգավորվում է, ներկայացվել են հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկություններ: Վերջնական դիրքորոշում հնարավոր կլինի հայտնել առաջիկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արտեմ Ասատրյանը:

Ասատրյանն ընդգծեց, որ առաջիկայում կպարզվի, թե կառավարությունն ինչ ձևաչափով է պատկերացնում խնդրի լուծումը:

Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պատճառով պետական բուհերի մի քանի տասնյակ դասախոսներ սեպտեմբերի 1-ին չեն վերակնքելու իրենց պայմանագրերը պետական այս կառույցների հետ: Այս քայլին դիմել են հատկապես այն մանկավարժները, որոնք աշխատում են նաև մասնավոր հատվածում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am