«Խաղաղության, միասնության և համերաշխության» երթը կմեկնարկի Ազատության հրապարակից

Armenpress 16:09, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիներին խաղաղության և համերաշխության գաղափարի շուրջ համախմբելու նպատակով «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին կանցկացվի «Խաղաղության, միասնության և համերաշխության» երթ: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին «Երիտասարդություն» ՀԿ աշխատանքային խմբից, երթն անցկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր աջակցության ներքո:

Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից, Մաշտոցի պողոտայով կընթանա մինչև Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Այնտեղ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների և Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղակաների կողմից սպանված խաղաղ ժողովրդի:

«Այս երթի նպատակն է խաղաղ միջոցներով ևս մեկ անգամ ցույց տալ, որ հայ ազգը համախմբված է արտաքին և ներքին մարտահրավերների դեմ, պատրաստակամ է միավորվել և միացյալ ուժերով պաշտպանել Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային անձեռնամխելիությունը և հայ ազգի խաղաղ ու արժանապատիվ գոյությունը պատմական տարածքներում, ինչպես նաև Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղակաների կողմից սպանված խաղաղ ժողովրդի»,- նշել է ՀԿ  նախագահ Գ. Մկրտչյանը:

Նա նաև հավելել է, որ երթը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարության նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաև խաղաղապահ խմբի ներկայությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am