Աշխարհում «անվտանգ» ծխախոտ գոյություն չունի

Armenpress 15:11, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունը չի ապացուցել, որ աշխարհում գոյություն ունի «անվտանգ» ծխախոտ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը՝ անդրադառնալով ծխախոտ արտադրող ընկերություններից մեկի՝ օրերս «անվտանգ» ծխախոտների մասին Հայաստանյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին: «Այս պահին ցանկացած ծխախոտային ապրանքատեսակ վտանգավոր է առողջության համար, քանի որ բազմաթիվ քաղցկեղածին նյութեր է պարունակում, նիկոտին, որն առաջացնում է կախվածություն: Ուստի՝ այս պահի դրությամբ որևիցե գիտական ապացույց, փաստաթուղթ, որը կվկայի, որ աշխարհում գոյություն ունեն անվտանգ ծխախոտներ, չկա»,-նշեց Ալեքսանդր Բազարչյանը: Նրա խոսքով՝ սա ընկերության կողմից մարքեթինգային քայլ է, որի նպատակն է ծխողներին և չծխողներին ներգրավել ծխելու գործընթացում: «Նմանատիպ մարքեթինգային քաղաքականություն վարելը սխալ է, այն հիմնված չէ գիտական հետազոտությունների և փաստերի վրա: Սա մարքեթինգ չէ»,-հավելեց ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

ՀՀ առողջապահության նախարարությունից, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, նշել են, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ցուցադրել ծխախոտի գովազդ, ինչպես նաև օրենքի համաձայն արգելված է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով, ինչպես նաև գոյություն ունեն սահմանափակումներ` կապված տպագիր մամուլում գովազդման ձևի և բովանդակության վերաբերյալ և այլն: «Անդրադառնալով, թե որքանով է հավաստի արտադրողի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ստեղծվում է «անվտանգ» ծխախոտ փաստում ենք, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության և հաշմանդամության պատճառ է: Ծխախոտային արտադրատեսակները բարձր տեխնոլոգիական արտադրանք են, որոնք առաջացնում են և պահպանում կախվածություն, և որ նրանց շատ բաղադրամասեր և արտազատվող ծուխը դեղաբանորեն ակտիվ, թունավոր, փոփոխածին և քաղցկեղածին են ու այսպիսով գիտականորեն ապացուցված է, որ գոյություն չունի անվտանգ ծխախոտ: Նշենք նաև, որ ծխախոտային կախվածությունը հիվանդությունների միջազգային դասակարգումներում դասակարգվում է որպես առանձին խանգարում»,-տեղեկացրել էին ՀՀ ԱՆ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am