ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է` ընդդիմությունը իշխանափոխության գնալու ռեսուրս չունի

Armenpress 12:21, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ընդդիմությունն իր հույսը դրել է բողոքող քաղաքացիների ակտիվության վրա: Այս մասին պատգամավորը նշեց  օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսին:

«Ընդդիմությունը պետք է իր քայլերը հստակեցնի, այս պահին իշխանափոխության գնալու ընդդիմության ռեսուրսը չեմ տեսնում: Ես ամռան ընթացքում չեմ տեսնում որևէ ընդդիմադիր կուսակցության մարզային գրասենյակ, որն աշխատի: Զուտ հրապարակային հայտարարություններով չես կարող արդյունքի հասնել: Պետք է գնալ մարդկանց մեջ, որ նրանց դժգոհությունները ճիշտ հասկանաս: Առաջին հերթին` կազմակերպչական աշխատանք պետք է իրականացնել, գաղափարը պետք է հասցնել հասարակությանը: Ընդդիմությունն ինքն էլ չգիտի, թե որքան ռեսուրս ունի, ինքն իր հույսը դրել է դժգոհող զանգվածի ակտիվության վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Լեռնիկ Ալեքսանյանը, այնուամենայնիվ, թեժ աշուն անկնալում է` դա բացատրելով այն հանգամանքի հետ, որ մարդիկ արձակուրդից վերադառնում են և սկսում ակտիվորեն աշխատել:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համաձայն է քառյակի առաջարկած 12 կետերի հետ` դրանք համարելով  ոչ թե ծրագիր, այլ որպես իրականության խոցելի կետեր, որոնք պետք է շտկել: Արձագանքելով Լեռնիկ Ալեքսանյանի արտահայտած տեսակետին` Վարդան Բոստանջյանը նշեց, որ պետք չէ քննարկել այն, թե ընդդիմությունը դուրս կգա հանրահավաքների, թե ոչ, այլ պետք է լավ աշխատել: «Տա Աստված, որ դուրս չգան, մեր երիտասարդները վտանգի չենթարկվեն, բայց դրա համար հարկավոր է աշխատել»,-ասաց Վարդան Բոստանջյանը:

Խորհրդարանական քառյակը դեռևս հունիսին կառավարությանն էր ներկայացրել 12 կետերից բաղկացած ծրագիր, որը չկատարելու դեպքում իրենք պատրաստվում են իրականացնել արմատական փոփոխություններ: Քառյակը նախատեսել է սպասել մինչ սեպտեմբերի վերջ ու սեպտեմբերի 30-ին իրականցնել հանրահավաք, քննարկել իրականցված աշխատանքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am