Թուրքերի եւ սիրիացի փախստականների միջեւ զանգվածային բախում` Ստամբուլում

Armenpress 19:22, 25 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի փախստական 5 կանայք տուժել են Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե թաղամասում տեղացիների եւ սիրիացիների միջեւ անցյալ գիշեր տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, լարվածությունը սկսել է աճել կիրակի երեկոյան, երբ թաղամասի բնակիչների միջեւ սկսել է տարածվել տեղեկություն այն մասին, որ երկու սիրիացիներ, իբրեւ, բռնաբարել են թուրք աղջկան, իսկ սիրիացի փախստականները հարձակվել են տեղացի անչափահասների վրա: Մի քանի տասնյակ թուրքեր, զինված փայտերով եւ մետաղաձողերով հարձակվել են հարեւանությամբ ապրող սիրիացի փախստականների վրա:

Թուրքերը ջարդել են սիրիացիների տները, խանութներն ու գրասենյակները: Ամբողջությամբ հողին է հավասարացվել սիրիացու կողմից բացված ճաշարանը: Գազազած ստամբուլցիները շրջել եւ փորձել են այրել սիրիացիներին պատկանող ավտոմեքենաները: Թաղամաս ոստիկանական հատուկ ջոկատայիններ են մտցվել, իշխանությունները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Նմանատիպ միջադեպեր ավելի վաղ տեղի ունեցել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ Այնթափի եւ Հաթայի նահանգներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am