Պետությունը կփոխհատուցի 597 համայնքների նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարները

Armenpress 11:54, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը կփոխհատուցի համայնքային բյուջետային հիմնարկներում եւ համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատող, 1974 թվականից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ նպատակով ՀՀ կառավարության N 792-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը եւ  մարզպետարաններին հատկացվել է ընդհանուր առմամբ 197 մլն 860.8 հազար դրամ: Գումարը կտրամադրվի 597 համայնքի:

2014 թվականի համայնքների բյուջեները կազմվել էին՝ հիմք ընդունելով այդ պահին գործող 45 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում ընթացիկ տարում կատարված փոփոխության համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձը հուլիսի 1-ից սահմանվել է 50 հազար դրամ, եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն` ՏԻՄ համակարգում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն ամսական աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարման արդյունքում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսերի կատարման համար համայնքների բյուջեներում հատկացումներ չէին նախատեսվել:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է այս որոշումը` նպատակ ունենալով աջակցել համայնքներին` բյուջեների կատարողականի ապահովման եւ սահմանված ժամկետներում նրանց կողմից բյուջետային պարտավորությունների կատարման, լրացուցիչ պարտքեր չկուտակելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am