Գավառ քաղաքում անցկացվեց հակածխախոտային տեղեկատվական քարոզարշավ

Armenpress 20:39, 21 Օգոստոս, 2014

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Գավառի տարածքային զարգացման գրասենյակի աջակցությամբ, «Նախաձեռնությունների եւ գործողությունների դաշտավայր» եւ «Գեղարեգ» ՀԿ-ների նախաձեռնությամբ,   երիտասարդները Գավառ քաղաքում կազմակերպեցին հակածխախոտային տեղեկատվական քարոզարշավ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար, «Գեղարեգ» ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը, քաղաքի երիտասարդ կամավորները ծխող անցորդներին ներկայացնում  էին ծխելու վնասակարությունը եւ առաջարկում, որպեսզի իրենց ծխախոտի գլանակը կամ ծխախոտի տուփը փոխանակեն շոկոլադի հետ:

Երիտասարդները ուրախությամբ արձանագրեցին, որ իրենց նախաձեռնությունը որոշակի չափով ունեցավ իր ազդեցությունը: Երիտասարդներն անցորդներին նաեւ բաժանեցին տեղեկատվական թերթոններ, որոնք պարունակում են կարեւոր տեղեկություններ ծխախոտի վնասակարության վերաբերյալ: Առողջ ապրելակերպի մեկամսյակի շրջանակներում ծրագրով նախատեսված է առաջիկայում երիտասարդության շրջանում  իրականացնել քայլարշավ դեպի Նորատուս, ապա կազմակերպաել լողափնյա վոլեյբոլի մրցաշար:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am