ՀՀ կառավարությունը 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքի եզդիներին

Armenpress 11:55, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն Իրաքի եզդի բնակչությանը կտրամադրվի 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ մարդասիրական օգնությունը տրամադրվելու է ՄԱԿ-ի կառույցների միջոցով, քանի որ Իրաքում ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս օգնությունն անձամբ փոխանցելու: «ՀՀ նախագահը հանձնարարել է ավելի վաղ նախատեսված 50 հազար դոլարի օգնությունը կրկնապատկել»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնա­խարարությանը և դիվանագիտական առաքելու­թյուն­ների ղեկավարներին՝ միջազ­գային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից հարձակումների ընթացքում սպանվել է 40 եզդի երեխա: Իրաքում գտնվող ՄԱԿ-ի ներկայացուցչության տրամադրած տվյալների համաձայն օգոստոսի կեսի դրությամբ ԻԼԻՊ-ի գործողությունների հետևանքով մահացել է 500-ից ավելի և վիրավորվել շուրջ 7 հազար եզդի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am