Լևոն Արոնյանը հրավիրվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի մրցաշարին

Armenpress 09:59, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրավիրվել է մասնակցելու ՖԻԴԵ-ի Գրան Պրիի մրցաշարին:

Մրցաշարը բաղկացած կլինի 4 փուլից: Առաջին շրջանը կկայանա 2014 թվականի հոկտեմբերի 1-15-ը Բաքվում: Երկրորդ փուլը կընդունի Ուզբեկստանը: Տաշքենդում կայանալիք հանդիպումները կմեկնարկեն հոկտեմբերի 20-ին և կեզրափակվեն նոյմբերի 3-ին: Հաջորդ երկու փուլերը կկայանան 2015 թվականին: Փետրվարի 14-28-ը շախմատիստները կմրցեն Թեհրանում, իսկ մայիսի 13-27-ը Մոսկվայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:

ՖԻԴԵ-ի Գրան Պրիին մասնակցելու հրավեր են ստացել նաև շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Եվգենի Տոմաշևսկին, Մաքսիմ Լագրավը, Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարո Նակամուրան, Վեսելին Տոպալովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am