Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 7,9 մլն դոլար

Armenpress 20:40, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը Հայաստանին 7,9 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ. կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով: Ինչպես հաղորդեցին «Արմենպրես»-ին ՀՀ բնապահպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս առթիվ Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն  է հայտնել հանձնաժողովի անդամներին ակտիվ մասնակցության համար` խոսքը փոխանցելով ՀՀ ԲՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանին:  Վերջինս ներկայացրել է ԳԷՀ-6-ի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրային առաջարկները՝ տեղեկացնելով, որ Հայաստանին հատկացվող գումարը կազմելու է 7,9 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանն իր ծրագրային առաջարկների ցանկը պետք է ներկայացնի մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը՝ ԳԷՀ-6-ում ընդգրկելու համար:

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հայտերը, որոնցից 2-ը վերաբերվում է կլիմայի փոփոխության, 10-ը՝ կենսաբազմազանության պահպանության, իսկ 6-ը` հողերի պահպանության ոլորտին, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ներկայացված հողերի ոլորտի ծրագրային նախագիծը, որն առաջարկվում է իրականացնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:

Ամփոփելով նիստը՝ նախարարն առաջարկել է մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գիտականորեն հիմնավորված և առաջնային ծրագրային առաջարկներ և պատրաստակամություն հայտնել վերջիններիս բանակցային աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:

Միաժամանակ նշվել է, որ ներկայացվող առաջարկները պետք է բացառեն կրկնությունները և չսահմանափակվեն միայն միջազգային փորձի տեղայնացումով, այլ ունենան արդյունավետ շարունակականություն ապահովող հիմքեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am